Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 2

:
Armenian - NEA
1 Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։
2 Տիրոջ նման այլ սուրբ չկա, ոչ էլ արդար՝ մեր Աստծու նման, և քեզանից բացի սուրբ չկա։
3 Մի՛ պարծենաք ու մի՛ խոսեք ամբարտավանությամբ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանի որ Տերը Աստվածն է, որ գիտի ամեն ինչ, Աստվածը, որ նախապատրաստում է իր գործերը։
4 Հզորների աղեղները տկարացան, իսկ տկարները զորություն ստացան։
5 Հացով կշտացածները զգացին նրա պակասը, իսկ քաղցածները բնակվեցին երկրում, ամուլը յոթ որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։
6 Տերն է սպանում և ապրեցնում, գերեզման իջեցնում և հարություն տալիս։
7 Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։
8 Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։
9 Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։
10 Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։
11 Եվ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջև, գնացին Արիմաթեմ, իրենց տունը։ Մանուկ Սամուելը Հեղի քահանայի մոտ Տիրոջն էր ծառայում։
12 Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին երկյուղում Տիրոջից։
13 Զոհ մատուցելիս ժողովրդից քահանայի հասը հետևյալն էր. միսը եփվելիս քահանայի սպասավորը եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար,
14 այն մտցներ տաշտի, պղնձե մեծ կաթսայի կամ պտուկի մեջ, և մեծ պատառաքաղն ինչ որ հաներ այնտեղից, պետք է պատկաներ քահանային։ Բայց ահա թե ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում՝ Տիրոջ տանը։
15 Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասավորը և զոհ մատուցողին ասում. «Քահանային խորովելու մի՛ս տուր, և ես կաթսայում եփվող մսից չեմ առնի»։
16 Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրվի, ինչպես օրենքն է, ապա վերցրո՛ւ այնքան, ինչքան սիրտդ ցանկանա»։ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թե ոչ՝ բռնի կառնեմ»։
17 Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։
18 Մանուկ Սամուելը, եփուդ հագած, Տիրոջ առջև ծառայություն էր անում։
19 Մայրն ամեն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամյա զոհը մատուցելու։
20 Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը նվիրած քո այս մանկան փոխարեն Տերն այդ կնոջից թող քեզ զավակներ պարգևի»։ Եվ Եղկանան գնաց իր բնակավայրը։
21 Տերն այցելեց Աննային, սա հղիացավ ու ծնեց ևս երեք տղա ու երեք աղջիկ։ Մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։
22 Հեղին շատ էր ծերացել։ Նա լսեց այն ամենի մասին, ինչ նրա որդիներն անում էին Իսրայելի որդիների նկատմամբ, և թե մերձենում էին Վկայության խորանի դռանը ծառայող կանանց։
23 Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից։
24 Մի՛ արեք, որդյակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չեք ծառայում։
25 Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։
26 Իսկ մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։
27 Աստծու հրեշտակը եկավ Հեղիի մոտ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Երբ քո հոր նախնիները եգիպտացիների երկրում՝ փարավոնի տանը, ստրուկ էին,
28 քո հոր տանը հայտնապես երևացի և Իսրայելի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջև եփուդ հագնեն։ Ես քո հոր սերունդներին իբրև կերակուր տվել եմ Իսրայելի որդիների մատուցած ընծաներից։
29 Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։
30 Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։
31 Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին և քո հոր տան սերնդին,
32 և ծեր չի լինի քո տան մեջ։ Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարություններին, որ Տերը՝ Աստված, անելու է Իսրայելին, և քո տան մեջ բնավ ծեր չի լինելու։
33 Միայն մեկին պիտի թողնեմ իմ զոհասեղանի մոտ, որպեսզի նվաղեն նրա աչքերը, և հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր մնացյալ անդամներն ընկնելու են մարդկանց սրով։
34 Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի և Փենեեսի գլխին. նրանք երկուսն էլ նույն օրն են մեռնելու։
35 Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։
36 Այնպես պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնա, մի արծաթի չնչին կտորի և մի նկանակ հացի համար գա նրան երկրպագելու և ասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտո՛ն տուր, որ մի պատառ հաց ուտեմ”»։